Սկիզբը՝ այստեղ
Ինչ են գրում արևմտյան ԶԼՄ- ները «Буревестник»- ի գործարկման մասին: «Буревестник» միջուկային մարտագլխիկով, ատոմային էներգետիկ կայանքով ու գլոբալ հեռահարության ռուսական միջմայրցամաքային թևավոր հրթիռի արձակումը դարձել է վերջին օրերի առանցքային իրադարձություններից մեկը: ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի տվյալներով՝ փորձարկումները հաջող են անցել, ինչպես հայտնել է նա, հրթիռը հոկտեմբերի 21- ին անցել է 14 000 կիլոմետր և օդում մնացել է մոտ 15 ժամ՝ ցուցադրելով հակահրթիռային պաշտպանության համակարգերը շրջանցելու եզակի հատկանիշներ: Ընդ որում, ինչպես նշել է Գերասիմովը, դա սահմանը չէ:
««Буревестник»- ի տեխնիկական բնութագրերը թույլ են տալիս այն երաշխավորված ճշգրտությամբ կիրառել բարձր պաշտպանված օբյեկտների վրա ցանկացած հեռավորությամբ,- զեկուցել է Գերասիմովը:- Հրթիռի թռիչքի ընթացքում իրականացվել են առաջադրված բոլոր ուղղահայաց և հորիզոնական մանևրները։ Եվ դրանով իսկ ցույց են տրվել հակահրթիռային և հակաօդային պաշտպանության միջոցները շրջանցելու նրա բարձր հնարավորությունները»։
Վլադիմիր Պուտինը հանձնարարել է որոշել «Буревестник»- ի կիրառման բոլոր հնարավոր տարբերակները ։
«Անհրաժեշտ է սկսել ենթակառուցվածքներ պատրաստել մեր Զինված ուժերում այդ զենքի տեղակայման համար»,- ընդգծել է նախագահը:
Փորձարկման համար 15 ժամը բավարար է եղել, անհրաժեշտության դեպքում նման հրթիռն արձակումից հետո, ըստ Կոմսոմոլսկայա պրավդայի» ռազմական մեկնաբան Վիկտոր Բարանեցի, օդում կարող է մնալ նույնիսկ տասնամյակներ շարունակ, այսինքն՝ հրթիռի ատոմային ռեակտորի վառելիքը դրա համար կբավականացնի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը, Կրեմլի Telegram- ալիքի տեղեկացմամբ, Զորքերի միացյալ խմբավորման կառավարման կետերից մեկում ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և ՀՕՊ- ում ներգրավված խմբավորումների հրամանատարների հետ խորհրդակցությանը ներկա է եղել զինվորական համազգեստով, «Буревестник»- ն անվանել է եզակի զենք, որն աշխարհում որևէ պետություն չունի:
«Դատաստանի օրվա» զենքը
Արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ, ներառյալ բրիտանական «Express» թերթը, նշված համալիրը գնահատել են որպես անվտանգության սպառնալիք՝ նշելով, որ գրեթե անհնար է հետևել հրթիռի թռիչքի հետագծին:
«Military Watch Magazine»- ի հրապարակման համաձայն, հրթիռը կարող է մոլորակի շուրջ հազարավոր պտույտներ կատարել մինչև հարվածի պահը։ Այս զենքի նորարարության հիմնական բաղկացուցիչը կոմպակտ ատոմային ռեակտորի օգտագործումն է, որը ծառայում է որպես էներգիայի աղբյուր նրա շարժիչային համակարգի համար: Այն բացում են ռազմավարական առավելությունների լայն շրջանակ: Նախ՝ հնարավորություն է ստեղծվում արդյունավետ իրականացնել զսպման առաքելություններ. հրթիռը կարող է օրերով, ամիսներով կամ տարիներով թռչելով, պարեկել պոտենցիալ հակառակորդի սահմանների մոտ՝ ստեղծելով ցանկացած պահի նրան հարվածելու մշտական սպառնալիք։ Երկրորդ. զգալիորեն նվազում է հակառակորդի կանխարգելիչ հարձակման ընթացքում ցամաքային բազաներում միջուկային հրթիռի ոչնչացման վտանգը։ Եվ, վերջապես, «Буревестник»- ը կարող է հարձակվել ամենաանսպասելի ուղղություններից, այդ թվում՝ ընտրելով հակաօդային պաշտպանության թույլ համակարգով տարածքներ, ինչպես նաև իր ենթաձայնային արագության շնորհիվ մանևրելով, ուզածին պես շրջանցել հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգերի գործողության գոտիները:
Որոշ վերլուծաբաններ «Буревестник»- ն անվանում են «թռչող Չեռնոբիլ»՝ հրթիռի թռիչքի, այսինքն՝ ատոմային ռեակտորի շահագործման ընթացքում հրթիռի հնարավոր վթարի և երկրի վրա ընկնելու դեպքում ճառագայթային աղտոտման պատճառով, սակայն միտումնավոր անտեսում են, որ «Буревестник»- ը «Դատաստանի օրվա» սպառազինություն է, որն արձակվելու է համընդգրկուն միջուկային պատերազմի դեպքում, երբ Ռուսաստանը և, ընդհանրապես, ողջ մարդկություն այլևս, ինչպես ասում են, կորցնելու բան չեն ունենա, ամեն ինչ ենթակա կլինի կորստյան: Երկիր մոլորակի ողջ տարածքը, անկախ նրանից՝ արձակվող հազարավոր միջուկային հրթիռների շարժիչները սովորական են, թե իրենց հիմքում ատոմային ռեակտոր ունեն, կենթարկվի միջուկային աղտոտման, քանի որ միջուկային են դրանց մարտագլխիկները, հետևաբար վերոնշյալ իրականության անտեսմամբ արևմտյան որոշ ԶԼՄ- ների և քաղաքական գործիչների բարձրացրած վայնասունը («թռչող Չեռնոբիլ» և այլն) ընդամենը քաղաքական շահարկումների նպատակն ունի: «Буревестник»- ի ստեղծման հիմնական իմաստը միջուկային պատերազմի դեպքում Ռուսաստանի թշնամիների պատիժն անխուսափելի դարձնող ՌԴ սպառազինությունների շարքի («Ավանգարդ», «Պոսեյդոն», «Սարմատ», «Օրեշնիկ» և այլն) համալրումն է:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարությունը ծիծաղի առարկա է դարձել «Буревестник»–ի մասին Պուտինի խոսքերից հետո
Ռյուտեի հակառուսական հայտարարությունը ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը՝ «Буревестник» հրթիռի հաջող փորձարկման մասին ՌԴ նախագահի խոսքերից հետո. այս մասին X սոցցանցում հայտարարել է կիպրացի լրագրող Ալեքս Խրիստոֆորուն։
Ռյուտեն ավելի վաղ նշել էր, որ իբր Ռուսաստանը վերջանում է «փողերով և զորքերով»։
«ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղար Ռյուտեն՝ Պուտինին. դու վերջանում ես փողերով, զորքերով, գաղափարներով։ Պուտինն ի պատասխան՝ «Буревестник»»,- ընդգծել է Խրիստոֆորուն։
«Սա պատասխան է այն «բազեներին», որոնք հանդես են գալիս Ուկրաինայի տարածքում տարբեր հեռահար զենքի տեղակայման օգտին». Յուրի Կնուտով
«Կարծում եմ, որ սա պատասխանն է ամերիկյան «Tomahawk»- ին,- «Vfocus Mail»- ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ, ՀՕՊ զորքերի պատմաբան Յուրի Կնուտովը:- Այն կարող է հասնել ԱՄՆ- ի, Եվրոպայի ցանկացած կետ։ Ուստի սա պատասխան է այն «բազեներին», որոնք հանդես են գալիս Ուկրաինայի տարածքում տարբեր հեռահար զենքի տեղակայման օգտին։ Հատուկ գործողությունը սկսվել է նրա համար, որ մեր սահմանների մոտ «Tomahawk» և այլն չլինի»,- եզրափակել է նա։
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան